Այո, վտանգ կա, որ լինելու է ռազմական գործողություն Սյունիքում. քաղաքագետ
ԱՄՆ-ն հայտարարում է՝ մենք չենք թողնի, որ Իրանը մտնի Կովկաս, իսկ որ Թուրքիան մտնում է Կովկաս, դա իրենց շահերին համապատասխանում է: Այս մասին News.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց Սթենդֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Որ հայերին բնաջնջեցին Արցախում, ԱՄՆ-ն ոչինչ չասաց, բայց իրենց հետաքրքրում է, որ Իրանը եւ Ռուսաստանը չլինեն Կովկասում: Միջին միջանցքը տնտեսական հարց չէ, ռազմաքաղաքական հարց է:
Սա այն հարցն է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պետք է միանան եւ նրանց խանգարում ենք մենք, եւ մենք պետք է այստեղից վերանանք: Իրենց պետք է ունենալ մեծ Թուրքիա՝ Ստամբուլից Բաքու, որը լինելու է ՆԱՏՕ-ի անդամ: Այսինքն Սեւ ծովում, Միջերկրականում եւ Կասպից ծովում լինելու է ՆԱՏՕ-ի նավատորմը, որի մասին պետք է մտածեն մեր ռուս գործընկերները:
Արեեւմուտքի նպատակն է, որ Կովկասը լինի Թուրքիայի վերահսկողության տակ: Սյունիքը պետք է կամաց-կամաց Հայաստանի վերահսկողությունից դուրս գա, եւ դա կարող է լինել քայլ առ քայլ: Սկզբից կասեն՝ ուժով մի բացեք, բայց ինչ-որ միջանցք պետք է լինի:
Հետո այնտեղ միլիարդավոր ներդրումներ կլինեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հետո այնտեղ բիզնեսներ կլինեն»,-ասաց նա՝ հավելելով, որ Արեւմուտքը դրա համար Իրանին ներքաշում է պատերազմի մեջ:
«Հնարավոր է, որ էսկալացիայի արդյունքում օդային հարվածներ լինեն արդեն Իրանի դեմ, որի մասին ԱՄՆ-ն ասել է: Եթե լինի պատերազմ Իրանի դեմ, լինելու են Իսրայելը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, հնարավոր է լինեն Ֆրանսիան ու Թուրքիան: Ես չգիտեմ՝ Իրանը ո՞նց է դիմակայելու այդքան ուժերին, Ռուսաստանը չի կարողանալու այս իրավիճակում Իրանին օգնել»,- ընդգծեց Խաչիկյանը:
Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում