Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է. Ազնավուրի որդին այցելել է Ծիծեռնակաբերդ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Քիչ առաջ նա այցելել է Ծիծեռնակաբերդ :
Լրագրողների հետ զրույցում Նիկոլա Ազնավուը հիշեցրել է, որ Ցեղասպանության վերապրածների ժառանգն է։
«Այսօր, գալով Անմար կրակի մոտ, ես առաջին հերթին զգացի այն, ինչ զգում էի հորս կողքին։ Նրա ցանկությունը, որպեսզի այս օրը ես լինեմ այստեղ մեր ընտանիքի անունից։
Ես կշարունակեմ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։ Բայց ուզում եմ ընդգծել, որ հայրս երբեք ատելություն չի ունեցել ոչ մի ժողովրդի հանդեպ։ Հայրս երազում էր խաղաղության մասին, երազում էր այն մասին, որ լինի երջանիկ երիտասարդություն, որը կապրի խաղաղության մեջ»,- նշել է Նիկոլա Ազնավուրը
«Այնպիսի տպավորություն է, որ հայրս ինձ հետ է, այնպես, ինչպես բոլոր այն մարդիկ, ում հիշատակն այսօր եկել ենք հարգելու»,– ասաց նա։
Հիշեցնենք` Նիկոլա Ազնավուրն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2015թ.–ին Շառլ Ազնավուրի հետ` Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի առիթով։
Շառլ Ազնավուրի մահից հետո Նիկոլան ղեկավարում է «Ազնավուր հիմնադրամը», որի միջոցով բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։