ՄամուլՔաղաքականություն

«Այլևս չենք հանդուրժելու»․ ՀՅԴ-ն հայտարարություն տարածեց

ՀՅԴ-ն հայտարարություն տարածեց մայիսի 18-ին Ազատության հրապարակում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման առնչությամբ, որում մասնավորապես ասված է.

«Ամիսներ շարունակ Դաշնակցությունն ահազանգում էր, որ երկրում սերմանվող ու խրախուսվող քաղաքական անհանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է պառակտումների ու ատելության։

Ցավոք, դա այլևս իրողություն է։ Ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ լարելու, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների», յուրայինների ու թշնամիների բաժանելու իշխանությունների քաղաքականությունն արդեն գործնական դրսևորումներ է ստանում։

ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերչպիչներից Հրանտ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատության հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։

Անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանությունների կարգախոսները դարձրել է իր վարքի կանոն։

Ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականքը գլուխ է բարձրացրել և փորձում է իր կամքն ու ստոր արժեքները պարտադրել։ Ամիսներ շարունակ լրատվամիջոցներով ու հանրային հարթակներում Դաշնակցության առանձին գործիչների ու կուսակցության դեմ իրականացվել է կազմակերպված, ուղղորդված ու հովանավորվող հակաքարոզչություն, սերմանվել է թշնամանք ու ատելություն։

Հրանտ Մարգարյանին ու Դաշնակցությանն ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը մենք գնահատում ենք որպես հստակ ուղղորդված գործողություն և ստոր քայլ Դաշնակցության համահայկական ողջ ընտանիքի դեմ։

Հանուն հասարակական համերաշխության շատ դեպքերում ենք լռել։ Թերևս մեր լռությունն ու համարժեք քայլերով չպատասխանելը ոմանց մոտ ստեղծել է անպատիժ մնալու թյուր մտայնություն։

Այլևս չենք հանդուրժելու, քանզի հայ մարդուն ոչ վայել վարքագծով ագրեսիվ փողոցային խուժանը հասարակություն չէ։ Պահանջում ենք երկրի իշխանություններից և իրավապահ մարմիններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին, օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին և ընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին»։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ազատության հրապարակում ակցիայի մասնակիցները հարձակվել են թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա:

Կիսվել