Այդպես բժիշկը մի օր կասի՝ այս հիվանդն ինձ անընդունելի է, չեմ վիրահատում. Լևոն Բարսեղյան
Այդպես բժիշկը մի օր կասի՝ այս հիվանդն ինձ անընդունելի է, չեմ վիրահատում. Լևոն Բարսեղյան
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչև կգա արժեհամակարգերի ժամանակը
Իմ առաքելական, քրիստոնյա, հավատավոր ծանոթներից մի քանիսը ողջունում են հոգևորականի հայտարարությունը, թե հոգեհանգստի ծես չի արել 1988 թվի երկրաշարժի զոհերի հիշատակին, որովհետև ներկաների մեջ եղել է մի պաշտոնյա, որն իր համար անընդունելի է:
Հոգևորականն արդյո՞ք որևէ ծես վարելուց առաջ մշտապես ճշտում է՝ ներկաների մեջ կա՞ն արդյոք մարդիկ, որոնք քաղաքական, պաշտոնեական, մշակութային, սոցիալական, կենցաղային որակներով կամ կարգավիճակով իր համար անընդունելի են, կամ ծես անում է միայն այն պայմանո՞վ, որ բոլոր ներկաները իրենց բոլոր հայացքներով ընդունելի են իր համար:
Իսկ հանգուցյալնե՞րը: Հայտնի է, որ պաշտոնյաներն այսօր պաշտոնյա են և վաղը չեն ու, ուրիշներ, որ այսօր պաշտոնյա չեն ու կարող է վաղը լինեն, իսկ հանգուցյալներն ու երկրաշարժի անմեղ զոհերը հավերժաբար երկրաշարժի անմեղ զոհեր են…:
Հոգեհանգիստն իրենց համար էր, իմ իմանալով, ոչ թե անցանկալի պաշտոնյայի: Ես կրոնի մարդ չեմ, բայց քաղաքացիական իրավունքներս ու այս հարցերի մասին խոսելուս իրավունքը դրանով չի սահամանփակվում:
Իմ քրիստոնյա ծանոթներից մի քանիսը, որ ողջունել են հոգևորականի այդ հրաժարումը հոգևոր պարտքից ու պարտականությունից, ինձ ավելի հետաքրքիր են, քան թե հոգևորականի քաղաքական մոտեցումները իր պարտականություններին: Այդպես բժիշկը մի օր կասի՝ այս հիվանդն ինձ անընդունելի է, չեմ վիրահատում, չասեմ, թե ով կարող է լինել այդ հիվանդը …
Եվ էլի արդար չի լինի, ով էլ լինի հիվանդը: Արդար չի լինի ոչ թե հիվանդի նկատմամբ, այլ սեփական պարտքի և արժանապատվության հանդեպ:
Ավելի բարդ է դրությունը վարչապետին քաղաքական դաշտում սատարած և սատարող այն մարդկանց, որոնք տարիներ առաջ մի աննկարագրելի համառությամբ պաշտպանում էին նույն հոգևորականին այն բանից հետո, երբ քննադատեցի, որ վնասակար է պնդել, թե «ովքեր քրիստոնյա չեն՝ հայ չեն», և շաբաթներով բացատրում էի, որ մարդու ինքնությունը միայն ինքն է սահմանում, մնացած դեպքերը թույլ կամ խիստ արտահայտված ֆաշիզմի դրսևորումներ են…
Կարող է թվալ, թե ցավալի է, որ այսպիսի երևակումներ են լինում, բայց որքան էլ ցավալի է, լավ է այսպես, քան թե մութ: Հաճախ մտածում եմ, թե մարդիկ դասեր են քաղում դարդերից ու կոնֆլիկտներից: Երևի քաղում են, բայց չենք հասկանում ինչ դասեր են քաղում, դա մեր խելքի բանը չէ երևի:
Պարադոքսալ է, բայց նույն հոգևորականը պատշաճ հոգևոր կարգ է մատուցել մարդկանց ընտրակաշառքի՝ այսինքն կեղծիքի, ստի, հանցագործության ասեղին նստեցրած, համարյա բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Արժեհամակարգի հա՞րց է սա: Ինչքա՞ն է գոյատևելու այս արժեհամակարգը, որ ստվերում է աշխարհի խոշորագույն կրոններից մեկի արժեհամակարգը»:
Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, պատասխանել է, որ նրա ներկայությունն իր համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար նրա ներկայությամբ ինքը հոգեհանգստի կարգ չի մատուցել։