Մամուլ

Ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտող

Ամուսինը կնոջ գերեզմանի մոտ ինքնասպան է եղել․ հայտնաբերվել է երկտող

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գերեզմաններ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մրտչյանը և ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի ընտանեկան գերեզմանում տաղավարի տանիքի ձողից կախված վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Ն․Խ․-ի դին։

gerezmanner

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում վերջինս իր կողմից վարած ավտոմեքենայով այցելել է կնոջ գերեզմանին, որտեղ էլ ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նրա հագին սպորտային տաբատի գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել․

«Իմ վերջին ցանկությունը՝ կատարել կեսիս՝ կնոջս ցանկությունը, երկուսով գնանք վերև։ Չմեղադրել ոչ ոքի»։ Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական։

Կիսվել