Մամուլ

Արարատի մարզում` ավտոմեքենայի մեջ ամուսինը դանակով վնասվածքներ է պատճառել հղի կնոջը

Այսօր՝ հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նշված վայրից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել հղի կին։

Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վրա և դրսում կան արնանման հետքեր։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ քրեական ոստիկանները պարզել են, որ հղի կնոջը հայտնաբերված «Opel»-ի մեջ դանակահարել է ամուսինը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտում են կասկածյալի և վիրավորի ինքնությունը։