Մամուլ

Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել

Օգոստոսի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում:

Ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա ու հրկիզել:  

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները իրենց ուժերով մարել են կրակը: 

Տեղում ոստիկանները պարզել են, որ կնոջը տեղափոխել են մարզում գործող հիվանդանոցներից մեկը, աղջկան տեղում բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող հայրը տեղափոխվել է ոստիկանության բաժին: 

Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի այդ մարզի քննչական վարչության տարածքային բաժին:  

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն եթե հարևանները շատ արագ օգնության հասած չլինեին, ապա հնարավոր է՝ տունն ամբողջությամբ այրվեր, և կինն ու երեխան ավելի ծանր վիճակում հայտնվեին: