Ամո՛թ է, որ հայոց բանակի զորացրված սպան այսօր տուն չունի. Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի՛ բարեկամներ, «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ են դիմել ՀՀ զինված ուժերից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով արձակված և պահեստազորում հաշվառված տասնյակ սպաներ ու ենթասպաներ՝ իրենց բնակարանային պայմաննների բարելավման հետ կապված իրավաբանական աջակցություն ու խորհրդատվություն ստանալու նպատակով:
Նշված սպաները ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներով սահմանված կարգով նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան և սահմանված ժամկետներում հաշվառվել են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում:
Ինչպես զինվորական ծառայության ընթացքում, այնպես էլ ՀՀ զինված ուժերից արձակվելուց հետո մինչ օրս նշված սպաներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն չի տրամադրվել:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ նշված սպաների համար պահպանվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ստանալու իրավունքը:
ՀՀ կառավարության կողմից ընդունվել են մի քանի որոշումներ, ներկայումս էլ շրջանառության մեջ է դրված կառավարության մեկ այլ որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, սակայն նշված որոշումների իրագործման պայմաններում անգամ վերը նշված սպաների խնդիրն ամբողջությամբ ու լիարժեք կերպով չի լուծվում:
Տարիներ շարունակ լինելով անօթևան, ընդգրկված լինելով բնակարանային պայմանների բարելավման ցուցակում, մարդիկ սպասում են, որ պետությունը վերջապես կկատարի իր առջև դրված պարտականությունը և մարդկանց անհատույց կերպով կտրամադրի բնակարաններ կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն:
Տառացիորեն վաղը շուրջ 40 սպայի վերաբերյալ առանձին-առանձին համապատասխան միջնորդություններ են ներկայացվելու ՀՀ պաշտպանության նախարարին /Օրինակը՝ ՀՀ ֆինանսների նախարարին/՝ խնդրելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրել սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար տրամադրել անհատույց ֆինանսական աջակցություն:
Նշված միջնորդությունների հիման վրա հարուցված վարչական վարույթի առավելագույն ժամկետի լրանալուց հետո /30 օր/ հարցին լուծում չտրվելու պարագայում նույն պահանջով դիմելու ենք ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության և ֆինանսների նախարարությունների:
Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ փոխված երկիր ու հասարակություն, եթե մենք իսկապես ցանկանում ենք ունենալ մարտունակ բանակ, մենք պարտավոր ենք լուծել այս խնդիրը:
Ամո՛թ է, որ Հայոց բանակի զորացրված սպան այսօր տուն չունի: Այս խնդիրը պետք է լուծել հնարավորինս արագ…»