Մամուլ

ԱՄՆ-ը սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց

ԱՄՆ-ը սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց

Civilnet.am-ը գրում է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։

Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։

arandznatun gagik

Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։

Ըստ հաղորդագրության՝ երկուշաբթի Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարանում ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:

arandznatun gagik 2

Ամերիկյան ABC7 հեռուստաընկերության անդրադարձը.

Քրեական այս գործը Հայաստանում հարուցվել էր 2020-ին։ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, ավելի քան 22 միլիոն դոլար էր տվել Խաչատրյանին՝ իր առևտրային կազմակերպությունների համար խոչընդոտներ չստեղծելու համար։ Գումարը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, ուղղվել էր Լոս Անջելեսում առանձնատան գնմանը։ Առանձնատունը ներկայում վաճառքի է հանված 63,5 միլիոն դոլարով։

Հաղորդագրության համաձայն՝ առանձնատան հետ կապված գործարքը հետաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խմբի (EOCTF) և ԱՄՆ Մարշալների ծառայության կողմից: ՀՀ գլխավոր դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը ցուցաբերել են առանցքային օգնություն»:

Կիսվել