ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Նազենի Հովհաննիսյանի հետ հետաքրքիր ուտեստ է պատրաստում
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Նազենի Հովհաննիսյանի հետ հետաքրքիր ուտեստ է պատրաստում
«Համի ուժը» նախագծի վեցերորդ եթերաշրջանի հաղորդումներից մեկը հեռուստադիտողներին բոլորովին այլ դիտակետից կներկայացնի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։
Լին Թրեյսին հաղորդման անձնակազմին հյուրընկալել է Երևանի իր տանը՝ խոհանոցում։
Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանմանն ու լուսանկարել ուտեստի պատրաստման ամենահետաքրքիր դրվագները։
Դեսպան Լին Թրեյսին անմիջական միջավայրում սիրով պատմեց ու ներկայացրեց այն իրերը, որոնք իր համար թանկ են և ունեն պատմություն, ապա իր մորից սովորած բաղադրատոմսով պատրաստեց հետաքրքիր աղցան։
«Վեցերորդ եթերաշրջանում անդրադառնալու ենք օտարազգի մարդկանց, որոնք Հայաստանում գտել են իրենց աշխատանքը։ Օրինակ՝ մեր այս հաղորդման հերոսուհին՝ դեսպանը, այնքան հետաքրքիր ու գեղեցիկ է պատմում իր ընտանիքի մասին, տատիկից նվեր ու ժառանգություն ստացած ափսեներն է ցույց տալիս մեզ, պատմում է՝ ինչպես է պատրաստվում այն աղցանը, որ մեզ հրամցրել է»,- ասաց Նազենին:
Հաղորդավարուհին պատմեց նաև 6-րդ եթերաշջանի հետագա ծրագրերի մասին։ «Մենք ամեն անգամ անդրադառնում ենք նոր բացվող վայրերին, որպեսզի դրսում ապրող հայերին, զբասաշրջիկներին ցույց տանք, թե որքան նոր շարժումներ, երևույթներ են տեղի ունենում Հայաստանում։ Այս ամենը գունավոր ու լեցուն կդարձնեն մեր վեցերորդ եթերաշրջանը:
Մենք շնորհակալ ենք բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք անընդհատ գրում են, առաջարկում գնալ այս կամ այն տեղը: Հուսով եմ՝ յոթերորդ եթերաշրջանում վերջապես կհասնենք Սյունիք, ինչն իմ հեռահար նպատակն է»,-նշեց Նազենին։
Հաղորդավարուհին կարծիք հայտնեց, որ «Համի ուժը» նախագիծն իր բովանդակությամբ ներառում է ավելի շատ մշակույթ, քան խոհանոց։ «Հայաստանում հետաքրքիր է ապրել այն պարզ պատճառով, որ ամեն րոպե մի նորություն լինում է։
«Համի ուժը» շատ օրիգինալ բաներ անել չի էլ ուզում, որովհետև Հայաստանով մեկ ճամփորդությունը և ամեն անգամ նոր վայրերի բացահայտումն արդեն բավականին օրիգինալ է։
«Համի ուժը» բացահայտում և վերապատմում է մեր՝ հայերիս պատմությունը։ Մենք պատմում ենք ոչ միայն վայրերի, այլև մարդկանց, մեր արած-չարածի մասին։ Այս ամբողջի մասին, որն ինքնին կյանքն է, մենք միշտ խոսում ենք սեղանի շուրջ։
«Համի ուժն» ի սկզբանե ստեղծվել է, որպեսզի միավորի մեր տարանջատվող հասարակությունը, մեզ կապի աշխարհի հետ ու մի գեղեցիկ օր գաստրոնոմիական քարտեզի վրա հաստատի Հայաստանի հստակ տեղը»,- ասաց հաղորդավարուհին։
Նազենիի խոսքով՝ շատ ծրագրեր են ունեցել և ունեն, սակայն չէին հաջողի, եթե չլիներ հեռուստադիտողների ջերմ արձագանքը։
Նախագծի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն էլ ասաց, որ նպատակ ունեն ոչ միայն հարստացնել երկրի մասին իրենց գիտելիքները, այլև այդ տեսանկյունից ներկայացնել հայկական ավանդույթները․
«Իրականում մեր երկրում այնքան հարուստ, հետաքրքիր շերտեր կան բացահատելու, որոնք հերթով ցույց ենք տալիս։ Փաստորեն, ամենակենցաղային թվացող տեղում՝ խոհանոցում, կան շատ հետաքրքիր շեշտադրումներ։ Երբ սեղանի, ուտելիքի շուրջ հավաքում ես մարդկանց մտքերը, հետաքրքիր բան է ստացվում»։
Աղբյուր՝ tert.am