ԱՄՆ դեսպանատան մոտ մեքենայում պայթյուն է տեղի ունեցել
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տեղում, ելնելով քաղաքացիների և վարորդների անվտանգությունից, գնդի հրամանատար Ա. Իսախանյանի հանձնարարականով երթևեկությունը Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Հաղթանակ կամուրջ ժամանակավորապես դադարեցվել է, մինչև հրշեջների աշխատանքի ավարտը։
Այս պահին պարեկները պարզում են՝ արդյոք տուժած կամ տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



