Ամերիկացի ճանապարհորդը հայտնաբերել է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կողք կողքի են գտնվում
Ադրբեջանի իշխանությունները, չխորշելով որեւէ քարոզչական մեթոդից, կազմակերպել են «միջազգային ճանապարհորդների» հերթական խմբի այցելությունը Լեռնային Ղարաբաղ։
Սթեֆեն Նեմեթին ԱՄՆ-ից, որը նրանց թվում էր, կազմակերպիչները հատկացրել էին «Զանգեզուրի միջանցքի» քարոզչի դերը։ Այլ տեղում ակնհայտորեն պատրաստված տեքստը ներկայացնելով՝ Նեմեթը հայտնել է «Զանգեզուրի միջանցքի նախագծին Ադրբեջանի նվիրվածության ակնհայտ լինելու մասին»։
«Ես շատ ուրախ եմ գտնվել այստեղ, եւ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ընթանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը։ Շատ հետաքրքիր է նաեւ տեսնել, թե որքան մոտ են Ադրբեջանն ու Հայաստանը»,- ավելացրել է ամերիկացին։
Ճանապարհի, ասֆալտի եւ թունելների որակից հիացմունք հայտնելուց հետո արեւոտ Ադրբեջանի հյուրը հայտարարել է, որ «միջանցքը կնպաստի Ադրբեջանի հիմնական տարածքի, Նախիջեւանի եւ երթուղու երկայնքով գտնվող այլ երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացմանը»։
Հիշեցնենք, որ «երթուղու երկայնքով» գտնվում է Հայաստանը։ Ըստ երեւույթին, պարոն Նեմեթի աշխարհագրական գիտելիքները այդքան հեռուն չեն տարածվում։ Դե, ինչպես այստեղ չհիշել «Իրանի կամ Իրաքի» մասին հայտնի անեկդոտը։
Ամերիկացին տեքստի ավարտը ներկայացրեց հարթ ու անխոչընդոտ. «Ադրբեջանը զբաղեցնում է եզակի աշխարհագրական դիրք Ասիայի եւ Եվրոպայի խաչմերուկում: Շինարարության ավարտից հետո այս միջանցքը կդառնա կենսականորեն կարեւոր ցամաքային տրանսպորտային զարկերակ բազմաթիվ երկրների միջեւ»:


