Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է բուլղարահայ ուխտավորների
Հունիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց բուլղարահայ ուխտավորներին՝ գլխավորությամբ Բուլղարիայի Պազարջիկ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու վարչության ատենապետ Նշան Պզտիկյանի։
Տիար Պզտիկյանը, ներկայացնելով հյուրերին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց Բուլղարիայի հայկական համայնքների գործունեության մասին։
Իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Վեհափառ Հայրապետը կարևորեց սփյուռքի հայորդիների ուխտագնացությունները դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք նորոգում են վերջիններիս ազգային, հոգևոր ապրումները, զորացնում ազգային ինքնության գիտակցությունն ու հաղորդ դարձնում հոգևոր արժեքներին։
Հանդիպմանը Հայոց Հովվապետը հորդորեց բուլղարահայերին համախումբ լինել Հայ Եկեղեցու շուրջ, ապրել ու արարել քրիստոնեական և ազգային արժեքներով, վառ պահել սերը հանդեպ Եկեղեցին և հայրենիքը: