Ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է․ Սիրուշո
Ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը:
Լավագույն երգչուհի անվանակարգում հաղթող ճանաչվեց Սոնա Ռուբենյանը։ Նրան մրցանակը հանձնեց Սիրուշոն։ Վերջինս իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․
«Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին, մի ելույթի ժամանակ, ու մինչև հիմա հիշում եմ սև ու ոսկեգույն վարդերը ու բացվածքը` գեղեցիկ ուսերի վրա:
Մի երգչուհու վրա, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաև կանացիությամբ ու մարդկային տեսակով:
Լավագույն երգչուհու մրցանակը հանձնելիս ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար է եղել լավագույնի վառ օրինակը. մայրս` Սյուզան Մարգարյանը:

Չնայած այդ զգեստը չի պահպանվել, բայց Մերի Ստեփանյանի հետ փորձեցինք նոր շունչ տալ և դարձնել կարմիր, ինչպես իր կատարած երգն էր` «Կարմիր ծաղիկ մը գարունի»:
Խորհրդանշական է նաև, որ այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո, հիմա ես եմ հանձնում ու այն էլ, մեծ ուրախությամբ, շատ արժանի ու սիրված երգչուհու` Սոնա Ռուբենյանին` իմ ընկերուհու, քրոջ`Վարդուհի Վարդանյանի սանին:
Երեկվա երեք երգչուհիներն էլ արժանի են այս մրցանակին:
Վերջիվերջո ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, առանց որի որևէ արձանիկ անիմաստ է»: