Ամբողջությամբ կփոխհատուցվի ջրհեղեղից վնասված 18 բնակարանի գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Կառավարությունը հաստատել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը:
Ըստ այդմ՝ կսահմանվեն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառուները, փոխհատուցման ենթակա առաջնային վնասները, փոխհատուցման պայմանները և ընթացակարգը, դիմումի ներկայացման և դրա հիման վրա փոխհատուցման տրամադրման կարգը։
Կարգավորվելու է ֆիզիկական անձանց պատճառված վնասի առաջնային փոխհատուցումը, այսինքն՝ արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցումը՝ պայմանավորված բնական կենսաապահովման և առաջնային կարիքների ապահովման անհրաժեշտությամբ։
Առաջնային վնասների փոխհատուցման կարգի հաստատումից հետո ՀՀ կառավարությունը կսահմանի նաև վնասի այլ տեսակների փոխհատուցման կարգը։
Կարգավորման շրջանակում այս փուլում փոխհատուցվելու են բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները: Փոխհատուցման շահառու են հանդիսանալու օրենքով չարգելված ցանկացած եղանակով (ներառյալ այնպիսի եղանակով, որն այլ հավասար պայմաններում սեփականության իրավունքի ծագման հիմք կարող էր լինել) անշարժ գույք ձեռք բերած անձինք, որոնց գույքը վնասվել (ոչնչացվել, փլուզվել, կորել, վթարային՝ քանդման ենթակա դարձել, մասնակի վնասվել) է արտակարգ իրավիճակի հետևանքով:
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տրամադրվում է բնակարանի (բնակելի տան) գնման վկայագիր: Բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք վերանորոգման համար ստանում են փոխհատուցում՝ ըստ ազդակիր ճանաչված ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի:
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի կամ վնասի դեպքում անձանց տրամադրվում է նաև կենցաղային առաջնային գույքի փոխհատուցում: Սահմանվում են էլեկտրոնային դիմումի ներկայացման ընթացակարգը, դիմումի հաստատման կամ մերժման հիմքերն ու ընթացակարգը, ինչպես նաև փոխհատուցման ընթացքի մշտադիտարկմանը վերաբերող կարգավորումները։
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում ֆիզիկական անձին տրամադրվելու է փոխհատուցում՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով:
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորուստ է համարվում արտակարգ իրավիճակի հետևանքով տուժած ֆիզիկական անձի բնակության վայրի՝ բնակարանի, տան, կեցավայրի՝ աղետի հետևանքով ոչնչացումը, փլուզումը կամ վթարային՝ քանդման ենթակա (4-րդ կամ 5-րդ աստիճանի վնասվածության) դառնալու փաստը։
Այն անձինք, ովքեր կրել են վերոնշյալ վնասները և դրանք համապատասխան կայքով գնահատված են և գույքագրված աղետների հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Դրա համար շահառուն պետք է ներկայացնի որոշմամբ նախատեսված տվյալները։