Մամուլ

Ամառային զորակոչը ՀՀ-ում երկարաձգվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշում ընդունեց, որով ամառային զորակոչը երկարաձգվեց մինչև օգոստոսի 15-ը։

Հիմնավորման մեջ նշվում է. «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ»։

ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թ. ապրիլի 21–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ, և զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվելու է 2025 թ. հունիսի 23–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն, նշել են, որ 2025 թ. ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով` հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը:

Այդ պատճառով ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու համար զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թ. օգոստոսի 15–ը ներառյալ։