Աղոթում ենք՝ վիրահատությունը լավ անցնի, հայրս շուտ ապաքինվի և տուն գա․ Վագիֆ Խաչատրյանի դուստր
MediaHub-ը գրում է․ «MediaHub-ի տեղեկություններով՝ Վագիֆ Խաչատրյանն այս պահին վիրահատվում է Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում։
Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը մեզ հայտնել էր, որ Խաչատրյանի մոտ ախտորոշել են աորտալ ստենոզ (սրտի փականի հիվանդության տեսակ է):
MediaHub-ը կապ հաստատեց Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանի հետ։ «Բլոկադայի ժամանակ, երբ միայն Կարմիր խաչն էր ելք ու մուտք անում, հայրս որպես առաջնային, ծանր խնդիր ունեցող մարդ, Կարամիր խաչը ուղեկցում էր Երևան վիրահատության համար, որտեղ ճանապարհին գերևարվել է։ Երկու տարուց ավել այդ խնդիրը հայրս ունի, Բաքվում չեն վիրահատել, բնականաբար, խնդիրը բարդացել է, Բաքվում դեղորայք են տվել։ Բժիշկներն ասել են՝ ամենը պետք է բարեհաջող լինի, այս պահին հորս վիրահատում են, բոլորս հիվանդանոցում ենք, աղոթում ենք, որ վիրահատությունը բարեհաջող լինի, շուտ ապաքինվի և վերջապես հայրս տուն գա»,- MediaHub-ին ասաց Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին չորս գերի է վերադարձել Հայաստան: «Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում»,- այս մասին գրել էր Նիկոլ Փաշինյանը»։



