ՄամուլՏեսանյութ

Աղմկահարույց ոստիկանապետն ու մարզի միջադեպերը (Տեսանյութ)

Աղմկահարույց ոստիկանապետն ու մարզի միջադեպերը

Armlur.am-ը գրում է․ Դեռես 2019 թվականի հոկտեմբերի 19-ին անդրադարձանք Ոստիկանությունում սկանդալային նշանակումներին: Բանն այն է, որ աղմկալի միջադեպի կիզակետում հայտնված ոստիկանապետերը, որոնք պաշտոնից ազատվել էին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետ էին վերադառնում համակարգ:

Մասնավորապես, Սյունիքի մարզում աղմկալի միջադեպում հայտնված եւ կադրերի ռեզերվ ուղարկված ոստիկանապետերը մարզում լուրեր էին տարածում, որ ներկայիս ՀՀ ոստիկանապետի հետ մտերիմ են եղել, համակուրսեցիներ են եղել եւ պատրաստվում են հետ վերադառնալ համակարգ: Նրանցից մեկը Գորիսի բաժնի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն էր:

Ստացվեց, որ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը համակարգ է վերադարձնում սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանապետերին` խաչ քաշելով նրանց գործելակերպի վրա: Ասել է թե, ընկեր, ծանոթ կամ համակուրսեցի լինելն այստեղ էլ հաղթեց: Արդյունքում Ազիզյանը նշանակվեց:

Իսկ ի՞նչ պատմության մեջ էր հայտնվել Ազիզյանը

2016 թվականին նա ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը` Արթուր Գեւորգյանին, որին անհիմն կալանավորել էին, եւ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո Արթուր Գեւորգյանը արդարացվեց, իսկ ահա ոստիկանապետ Ազիզյանը ընդամենը պաշտոնից ազատվեց: Կարճ ժամանակ անց Ազիզյանին կրկին վերադարձրեցին համակարգ, սակայն հաջորդեց հերթական միջադեպը նրա մասնակցությամբ:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էդմոն Խաչատրյանը, հաղորդում տվեց իրավապահների հանցագործության մասին, որ Ազիզյանը իրեն ծեծել է:

Այս հրապարակումից հետո Ազիզյանը կրկին ազատվեց պաշտոնից: Եվ ահա հեղափոխությունից հետո Գեւորգ Ազիզյանը, ոչ ավելի, ոչ պակաս, նշանակվում է ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետ: Ազիզյանի նշանակումից հետո Սյունիքում կրքերը չեն հանդարտվում եւ ոստիկանները իրենց գործելաոճն են ընտրել:

Մասնավորապես, վերջին օրերին Սիսիանում քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների միջև միջադեպ էր արձանագրվել , ինչի արդյունքում, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Սիսիանի բնակիչները Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էին ներկայացրել Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների վերաբերյալ:

Արդյունքում ՀՔԾ-ն Սիսիանի քաղաքացիների բողոքի հիման վրա հարուցեց երկու քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը եւ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) և 309.1-րդ հոդվածներով (խոշտանգման հատկանիշներով):

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել