Մամուլ

Ահազանգ. Շենքում խայտառակ իրավիճակ է, երեխաներին մենակ չենք թողնում, ի՞նչ է ասում Նուբարաշենի թաղապետը

Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 6-րդ շենքի 3-րդ մուտքի բնակիչներն ArmLur.am լրատվականին ահազանգել են այն մասին, որ շենքի 1-4 հարկերում անբարվոք իրավիճակ է տիրում:

«4-րդ հարկից մինչև 1-ին հարկ խայտառակ վիճակում են, երկաթների կեսը չկա, բաց են տեղերը, ժամանակի ընթացքում ջարդվել են ու չեն սարքվել:
Հարևաններով արդեն մի քանի անգամ դիմել ենք համատիրություն, որ գան բաց տեղերը սարքեն: Ասում են՝ հա ու չեն սարքում: Բոլորի տանը փոքր երեխա կա: Մեկ վայրկյան երեխայի ձեռքը չես կարող թողնել աստիճանի վրա: Կգնան՝ կընկնեն»,- հայտնեց մեզ ահազանգած քաղաքացին:

«Մեզ նման խնդրով տվյալ հասցեի բնակիչները չեն դիմել և բացի այդ՝ տվյալ մուտքը ներկայացված է վերանորոգման, որի աշխատանքները պիտի սկսվեն 10 օրից: Մենք Նուբարաշեն վարչական շրջանում ընդհանրապես վթարային վարչական շենք չունենք: Չի կարող լինել պնդիր, որին մենք տեղյակ չլինենք, բայց ամեն դեպքում ես անձամբ կայցելեմ՝ հասկանալու ինչ խնդիր է», – ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը:

Մեր հեռախոսազանգից կարճ ժամանակ անց Անդրանիկ Գասպարյանը հայտնեց, որ զրուցել է տեղի բնակիչների հետ, պարզել, որ որոշ երկաթաձողեր են պոկվել, ինչը երկու օրվա ընթացքում կարգավորվելու է: