Ալիևն ու Էրդողանը Ֆիզուլիում մասնակցել են օդանավակայանի բացմանը
Ալիևն ու Էրդողանը Ֆիզուլիում մասնակցել են օդանավակայանի բացմանը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը:
Նշվում է, որ Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են մի խումբ նախարարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Էրդողանի աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է նրա և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում, համաձայն թուրքական կողմի տարածած տեղեկատվության, քննարկվելու են երկու երկրների միջև հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ:
Սա Էրդողանի արդեն երրորդ այցն է Ադրբեջան՝ 44-օրյա պատերազմից հետո։
Ավելի վաղ, Էրդողանը ոչ միայն խոսել էր վաղը Ադրբեջան կատարելիք այցի մասին, այլ նաև հերթական անգամ անդրադարձել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, թե Անկարան վճռական է տրամադրված այս հարցում։
«Մենք բոլոր այս հարցերը քննարկել ենք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ, այցի շրջանակներում կմասնակցենք Ֆիզուլիի օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև կսկսենք նոր նախագծեր ագրարային ոլորտում։ «Զանգեզուրի միջանցքի» հարցում մեր վճռականությունն անփոփոխ է», – ասել է Էրդողանը։