Ալիևը Ֆրանսիային խորհուրդ է տվել հայերին տալ իրենց հողերը, այլ ոչ թե տնօրինել ադրբեջանական հողերը
Ալիևը Ֆրանսիային խորհուրդ է տվել հայերին տալ իրենց հողերը, այլ ոչ թե տնօրինել ադրբեջանական հողերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը կոչ է անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նա խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են նպաստել «2-րդ հայկական պետության» ստեղծմանը, հատկացնել իրենց տարածքի մի մասը և չտնօրինել «ադրբեջանական օրինական հողերը»:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է Հայաստանին տարածք տրամադրել 2-րդ պետություն ստեղծելու համար, թող նրանց տա իր տարածքի մի մասը։ Բայց մեզանից պահանջել, որ պատմական, օրինական ադրբեջանական հողերի վրա ստեղծվի հայկական պետություն, ի՞նչ տրամաբանությամբ։
Չկա ոչ մի տրամաբանություն, ոչ էլ արդարություն։ Ի՞նչ եք մոռացել մեր հողերի վրա: Այստեղից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրներն այսօր օրենքներ են ընդունում, խորհրդարաններն են այդ հարցը քննարկում։ Ի՞նչ կապ ունի Ֆրանսիայի խորհրդարանը մեր հարցի հետ»,-հայտարարել է Ալիևը։
Նա նաև մեղադրել է Ֆրանսիային, որ որպես Մինսկի խմբի համանախագահ՝ այն չի նպաստել հարցի լուծմանը։
«Քանի՞ տարի է Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է։ Նա ինչ-որ բան արե՞լ է։ Այդ հարցը լուծելու համար գործնական քայլ ձեռնարկե՞լ է։ Իսկ հիմա, հարցը լուծելուց հետո, ի՞նչ է կատարվում։ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչվի։
Եթե նրանք ձեզ դուր են գալիս, ես պատերազմի ժամանակ ասել եմ, տվեք Մարսել քաղաքը, փոխեք դրա անունը, այնտեղ ստեղծեք 2-րդ պետությունը։ Բայց ոչ ոք չի կարող միջամտել մեր գործերին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։