Ալեքսանդր Սարգսյանը պետությանը 18.5 մլն դոլար է տվել. մնաց մնացածը
Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է վերադարձրել նախկինում թաքցրած եկամուտները։ ԱԱԾ–ն շարունակում է կալանքի տակ պահել նրան պատկանող գույքը։
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանն անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին մամուլում առկա տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։
18,5 մլն դոլարը Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել որպես իր նկատմամբ հարուցված քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում բացահայտված չարաշահումների փոխհատուցում։
Հիշեցնենք` ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ, 2018թ.–ի հուլիսի 9-ին Ալեքսանդր Սարգսյանի գույքի վրա կալանք էր դրվել։
2018թ.-ի նոյեմբերի 28-ին Իջևան քաղաքում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, 30 միլիոն դոլար կվերադարձնի բյուջե։
«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշիվներից մեկի վրա 30 միլիոն դրամ ունենալու վերաբերյալ բազմիցս խոսվել է,- ասել է Փաշինյանը,- և ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձնել պետական բյուջե»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ վերադարձված գումարները պետք է առաջին հերթին ծախսվեն զինված ուժերի վրա:
Աղբյուր՝ sputnikarmenia.am