Աթոռով հարվածել են Ջաջուռ գյուղի բնակչի գլխին․ կա ձերբակալված․ ի՞նչ է կատարվել
Aravot.am-ի տեղեկություններով` օգոստոսի 10-ի գիշերը «գլխի ձախ կեսի մոտ 7 սմ կտրված արյունահոսող վերք, ճակատի հեմատոմա» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի 33-ամյա բնակիչ Ս․ Բ․-ին։ Վերջինս Գյումրի ԲԿ հրավիրված ոստիկաններին հայտնել է, թե վնասվածքները ստացել է իր տան բակում խոտի հակերի վրայից վայր ընկնելու հետևանքով։
Սակայն Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային աշխատակիցները, համագործակցելով Ախուրյանի բաժնի ծառայողների հետ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Ջաջուռի 33-ամյա բնակիչը, լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Գյումրիի բնակիչ Կ․ Ա․-ի հետ, որի ժամանակ էլ վերջինս աթոռով հարվածել է Ս․Բ-ի գլխին՝ մարմնական վնասվածքներ պատճառելով։
Ոստիկանության ձեռնարկած օեպրատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ գիշերվա կեսին Գյումրու Նժդեհի փողոցից ձերբակալել են աթոռով հարված հասցնելու մեջ կասկածվող Կ․ Ա․-ին։ Նրան տեղափոխել են Շիրակի մարզային ոստիկանություն, որտեղ և խոստովանել է կատարվածը։
Գյումրի բժշկական կենտրոնում գտնվող Ջաջուռի բնակիչն, ըստ բժշկի տեղեկանքի, դեռ ի վիճակի չէ բացատրություն տալու։
Գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։