Ազատությունից զրկված անձը շրջում է քրեակատարողական հիմնարկում․ ՔԿԾ-ն՝ համացանցում տարածված տեսանյութի մասին
ՀՀ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել օրերս համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում, լսում են բարձր երաժշտություն և այդ ամենը նկարահանում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսով։
«Տեսանյութի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն կատարվել է մինչև 2022 թվականի սեպտեմբեր, քանի որ տեսանյութում պատկերված դատապարտյալ Լ․Մ․-ն 2022 թվականի սեպտեմբերի 9-ին պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, այսինքն՝ 2022 թ․ սեպտեմբերի 9-ից հետո վերջինս քրեակատարողական հիմնարկում չէր կարող գտնվել և այդ տեսանյութում չէր կարող պատկերվել»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։
Միաժամանակ տեղեկացնում են, որ տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայող Դ․Ա․-ն Քրեակատարողական ծառայության պետի հունվարի 8-ի հրամանով ազատվել է ծառայությունից։