Շոու-բիզնես

Ադրբեջանցի ընկերներ ունեցող Յանա Եգորյանը հրաժարվել է ներկայացնել Հայաստանը

Ադրբեջանցի ընկերներ ունեցող Յանա Եգորյանը հրաժարվել է ներկայացնել Հայաստանը

Hraparak.am-ը գրում է․ Ռուսաստանի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների բազմակի հաղթող, Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, հայազգի ռուս սուսերամարտիկ Յանա Եգորյանը մերժել է Հայաստանի համար հանդես գալու առաջարկը։ Այս մասին նա խոսել է ռուս լրագրող Վիտյա Կրավչենկոյի YouTube ալիքին տված հարցազրույցում։

«Հայաստանն ինձ առաջարկ է արել, բայց ես հրաժարվեցի։ Պետք է հարգանքով վերաբերվել այն վայրին, որը քեզ փառք ու հնարավորություններ է տալիս։ Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ ես եկել եմ որպես փոքրիկ աղջիկ, որին ոչ ոք չգիտեր և ով ոչինչ չուներ։

Ես անվճար կրթություն եմ ստացել, անվճար պարապել եմ սուսերամարտով»,-պատմել է 30-ամյա Եգորյանը, ով մինչ վեց տարեկանն ապրել է Երևանում, ապա ՌԴ տեղափոխվել մայրիկի հետ։

Սուսերամարտիկն իր մերժումը բացատրել է նաև նրանով, որ Հայաստանում մարզվելու համար պատշաճ պայմաններ չկան, ուստի չի ուզում իրեն խայտառակել կամ խայտառակվել՝ իր պատմական հայրենիքը ներկայացնելիս։

Ի դեպ, ինչպես 2016 թվականին, այնպես էլ այժմ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը եղել և մնում է ադրբեջանցի Իլգար Մամեդովը։ Իլգարի կինը՝ Ադրբեջանի հավաքականի նախկին սուսերամարտիկ Ելենա Ժեմաևան, եղել է Եգորյանի անձնական մարզիչը։

2017թ.-ին Յանան ասել էր, որ շատ ընկերներ ունի Ադրբեջանից և շփվում է նրանց հետ՝ անկախ ամեն ինչից․ «Ես ազգությամբ հայ եմ, բայց նաև շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից։ Ինձ համար միևնույն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ամենաբարձր մակարդակի խնդիրներ ունեն։ Այնպես որ, ում հետ ուզեմ՝ ընկերություն կանեմ»։

Կիսվել