Ադրբեջանցիներն անասուններին հետ են տվել, բայց ցորենի արտերը չեն թողնում հնձեն
Ադրբեջանցիներն անասուններին հետ են տվել, բայց ցորենի արտերը չեն թողնում հնձեն
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Sputnik Արմենիայի եթերում մանրամասներ է պատմել հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած հերթական միջադեպից։
Խնածախում ադրբեջանցի սահմանապահների տարած կովերին հաջողվել է վերադարձնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
«Առավոտյան 6-7 կողմերը զանգ եմ ստացել, որ ադրբեջանցի սահմանապահները անասուններից 3-ին քշել-տարել են։ Զանգեցի մեր բանակային կորպուսի հրամանատարին, հետո կապ հաստատեցինք ռուս սահմանապահների և խաղաղապահների հետ, 2.5 ժամվա բանակցությունների արդյունքում անասուններին հետ ենք բերել»,- ասաց նա։
Միջադեպի պահին հովվի հետ արոտավայրում է եղել նաև նրա 13-ամյա որդին, որը, ըստ գյուղապետի, գնացել էր հորն օգնելու։ Ադրբեջանցի սահմանապահները նկատել են, որ անասուններից 3-ն անցել են իրենց տարածք, անմիաջապես տարել են։ Շադունցի խոսքով` զենք չեն գործածել, տղան էլ չի վախեցել։
«Անասունների աջ կողմից հայրն է քայլել, ձախից` 13-ամյա տղան։ Տղայի կողմից գնացող կովերից 3-ը մի 3-4 մետր անցել են դեպի ադրբեջանցիների կողմը, նրանք էլ սուսուփուս քշել են, տարել։ Զենք չի ուղղվել երեխայի ուղղությամբ»,- նշեց Շադունցը։
Կեսօրին ևս մեկ միջադեպ է գրանցվել. Տեղ համայնքի ղեկավարն ասում է`այս անգամ ադրբեջանցիները չեն թողել, որ գյուղացիները ցորենի արտերը հնձեն, վերջիններս էլ թողել-հեռացել են։