Մամուլ

Ադրբեջանում հայ պատանդների մարմնից այրելու միջոցով հեռացրել են խաչի դաջվածքները

«Ադրբեջանը պետք է նշվի որպես «Հատուկ մտահոգության երկիր»կրոնական ազատության շարունակական, կոպիտ և լուրջ խախտումների պատճառով»։ Այս մասին նշված է  ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի պատրաստած զեկույցում։

Զեկույցի հեղինակները նշում են, Ադրբեջանն արտաքուստ պնդում է, որ «աջակցում է կրոնական ազատությանը, սակայն ներքուստ անում է հակառակը: Այն տանջում է իր քաղաքացիներին, վերահսկում կրոնական գործունեությունը, վտարում անկախ լրատվամիջոցներին և «Կարմիր խաչին» և ոչնչացնում կրոնական ժառանգության հուշարձանները։

«Իրենց հավատքի համար բանտարկված շիա կրոնական գործիչները ենթարկվել են ծեծի, բռնաբարության սպառնալիքների և սարսափելի պայմաններում կալանքի: Լեռնային Ղարաբաղից մոտ երկու տասնյակ հայ քրիստոնյա բանտարկյալներ, որոնք դատվել են փակ դռների հետևում՝ առանց համապատասխան իրավաբանական խորհրդատվության, ենթարկվել են ծեծի, հոգեբանական բռնության, բժշկական օգնության և պատշաճ սննդի հասանելիության բացակայության, Աստվածաշնչի տրամադրման մերժման և խաչի դաջվածքների այրման միջոցով ջնջման: Ոստիկանությունը պատասխանատվություն չի կրում այս գործողությունների համար»,-ասված է զեկույցում։

Նրանք ընդգծում են՝ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել կրոնական հուշարձաններն ու եկեղեցիները Լեռնային Ղարաբաղում՝ ջնջելով այդ տարածքում ավելի քան 2000 տարվա քրիստոնեական ներկայությունը: Արբանյակային պատկերները հուլիսի դրությամբ հայտնաբերել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում՝եկեղեցիներ, գերեզմանատներ։

«Ադրբեջանի վերաբերմունքը կրոնի և իր ժողովրդի նկատմամբ պետք է փոխվի: Եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Միացյալ Նահանգների լիիրավ գործընկեր և առաջ մղել ընդհանուր տնտեսական և ռազմավարական նպատակները, ապա պետք է ձեռնարկի իրական քայլեր՝ կրոնական ազատությունն իսկապես ընդունելու համար»,-ասված է զեկույցում։

Կիսվեք ձեր էջում