Ադրբեջանի քաղաքացուն ձերբակալել են Հայաստանի օգտին լրտեսելու համար
Ադրբեջանի քաղաքացուն ձերբակալել են Հայաստանի օգտին լրտեսելու համար
Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեկին, ով, ըստ պաշտոնական վարկածի, համագործակցել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պետական դավաճանության հիմնավոր կասկածներ են առաջացել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Զաքիև Այդին Զաքի օղլուի նկատմամբ (ծնվ. 1970 թ.), որը լրտեսել է ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության ու պաշտպանության և ի աջակցություն Հայաստանի հատուկ ծառայությունների` Ադրբեջանի դեմ թշնամական գործողություններ իրականացնելու գործում», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ըստ ադրբեջանական ծառայության` Զաքիևին հանձնարարվել է այլ անձանց ևս ներգրավել հետախուզական գործունեության մեջ։Նշվում է նաև, որ նա երրորդ պետության տարածքում գտնվող անձանց միջոցով հայկական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի թվաքանակի մասին։
Այդին Զաքիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով (պետական դավաճանություն)։ Նա կալանավորվել է։