Ադրբեջանից դատարկ վերադարձած ինքնաթիռի համար պատասխանատվություն կրելու է Ալիևը. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանից դատարկ վերադարձած ինքնաթիռի համար պատասխանատվություն կրելու է Ալիևը. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի իշխանությունը գերիների վերադարձի հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում` Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու համար։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չկա մի օր, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները չզբաղվեն գերիների, անհետ կորածների և զոհված մեր հայրենակիցների հարցերով»,– ասաց Փաշինյանը` շեշտելով, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինքը տասնյակ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ՌԴ իշխանության ներկայացուցիչների հետ` գերիների վերադարձման հարցով։
«Այդ իրավիճակի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, որը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ ու չի կատարում դրանք»։
Փաշինյանը հիշեցրեց, որ միջազգային կառույցներն այս հարցում ևս քննադատում են Ադրբեջանի պահվածքը, և այդ մասին ասված է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարության մեջ։
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 գերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72-ի մասին։