Մամուլ

Ադրբեջանը 30.000 եվրո կվճարի Արթուր Բադալյանին. ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռը

Ադրբեջանը 30.000 եվրո կվճարի Արթուր Բադալյանին. ՄԻԵԴ-ը հրապարակել է վճիռը

2021 թվականի հուլիսի 22-ին հրապարակվել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) վճիռը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործին նեգրավվել է որպես երրորդ կողմ և համապատասխանաբար ներկայացրել է իր դիտարկումները:

Գործը վերաբերում է նրան, որ ադրբեջանական ուժերը ձերբակալել են դիմումատուին հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում և 22 ամիս պահել են անազատության մեջ։

Հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելք)՝ դիմումատուն պնդել է, որ ձերբակալման ընթացքում ենթարկվել է վատ վերաբերմունքի, որը կալանքից ազատվելուց անմիջապես հետո վերջինիս մոտ առաջացրել է լուրջ հոգեկան խնդիրներ։

Եվրոպական դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել որևէ տեղեկատվություն դիմումատուի պահման վայրի, կալանքի պայմանների և ընտրված կարգի մասին կալանքի տակ գտնվելու ամբողջ ընթացքում:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ դիմումատուի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ են եկել կալանքից ազատվելուց անմիջապես հետո որևէ կերպ կապված չեն կալանքի պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը դիմումատուն ստացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Ավելին, հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)՝ դիմումատուն պնդել է, որ իր ձերբակալումը եղել է անօրինական։ Նա մասնավորապես պնդել է, որ որպես քաղաքացիական անձ, այլ ոչ թե ռազմագերի պետք է անմիջապես ազատ արձակվեր կամ իրեն հասկանալի լեզվով անմիջապես տեղեկացվեր կալանքի պատճառների մասին, տարվեր դատավորի մոտ և հնարավորություն տրվեր վիճարկել կալանավորման որոշումը։

ՄԻԵԴ

Ադրբեջանի կառավարությունը պնդել էր, որ դիմումատուն կալանավորված է եղել որպես ռազմագերի։ Հասյատանի Հանրապետությունը, հանդես գալով որպես երրորդ կողմ և ներկայացնելով իր դիրքորոշումը, պնդել էր, որ տեղի է ունեցել դիմումատուի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որը երաշխավորված է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով։

Եվրոպական դատարանը, համաձայնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված դիրքորոշման հետ, նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չի ներկայացրել ապացուցելու դիմումատուի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չեն բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում դիմումատուի գործի վրա, և պատասխանող Կառավարությունը չի պնդել, որ նրա կալանավորումը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետերին կամ դիմումատուին տրամադրվել է որևէ ընթացակարգային երաշխիք: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:

Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը. «Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Ա. Բադալյանին, ով մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա.Բադալյանին վճարել 30.000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները»:

Կիսվել