Մամուլ

Ադրբեջանը ցուցակով պահանջել է հերոսներին հանձնել իրեն

Ադրբեջանը ցուցակով պահանջել է հերոսներին հանձնել իրեն

Hraparak.am-ը գրում է․ Այսօր արդեն Արցախում իրադարձություններն ավելի ողբերգական հունով են ընթանում։ Երեկ արցախցիները կատաղի մարտեր են մղել եւ ամեն կերպ փորձել են հետ մղել ադրբեջանցիների հարձակումները, սակայն ոչ մի տեղից օգնություն չստանալով, հայտնվել են ծանր վիճակում։

Թշնամին առաջ է եկել տարբեր տեղերում, անգամ Ստեփանակերտում շատ տեղեկացված չեն, թե որտեղ ինչ իրավիճակ է, որովհետեւ կապի խնդիր կար Արցախում։ Բայց, ըստ ամենայնի, ադրբեջանական զինուժը մեծ թվով բնակավայրեր է գրավել եւ Արցախի փոքրաթիվ բանակն ու ինքնապաշտպանական ուժերն այլեւս ի վիճակի չեն պայքարել։ Իսկ Հայաստանից ոչ մի օգնություն չկա, անգամ ռուս խաղաղապահներն են անցել ադրբեջանցիների կողմը եւ ձեռքերը լվացել պայքարից։

Արցախի իշխանություններն արդեն սկսել են բանակցել շրջափակման մեջ մնացած բնակչությանը տարհանելու, այսպես կոչված հումանիտար միջանցք ապահովելու ուղղությամբ, սակայն Ադրբեջանի ախորժակն ավելի է բացվել։

Մենք տեղեկացանք, որ ադրբեջանցիները արցախցիների անուններով ցուցակ են փոխանցել Արցախի իշխանություններին, որոնց պետք է հանձնել Անդրբեջանին՝ հումանիտար միջանցքի դիմաց։

Ցուցակում Արցախի երբեմնի ղեկավարների, Արցախի պետականության մեջ նշանակալի ձեռքբերում ունեցած անձանց, պետական ու ռազմական գործիչների անուններն են։

Կիսվել