«Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին»
«Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ն ֆեյսբուքյան էջում գրառում է տարածել.
«Տեղեկացանք այսօր Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման և միտումնավոր ռմբակոծության մասին։
Ադրբեջանը վերստին փաստեց Արցախը հայաթափելու և հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու իր նենգ ծրագրի մասին՝ աջակից ունենալով ցեղասպան Թուրքիային և վերջինիս կողմից վարձած ահաբեկչական-ծայրահեղական զինյալներին։
Աստծո հետ մեր ուխտն ամուր է, հավատը` աներեր։ Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ մեր արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ։
Աստված պահապան ու օգնական մեր արիասիրտ զորականներին և Արցախի հավատավոր ժողովրդին»։