Ադրբեջանը սպառնացել է զորք մտցնել, եթե շարունակեն այրել տները
Ադրբեջանը սպառնացել է զորք մտցնել, եթե շարունակեն այրել տները
Hraparak.am-ը գրում է․ Երեկ առավոտյան թշնամուն հանձնվող Աղավնոյում բնակիչներից մեկը կրկին փորձել էր այրել իր տունը, սակայն րոպեներ անց ժամանել էր հրշեջ մեքենան եւ մարել կրակը:
Հիշեցնենք, որ «խաղաղասեր» Հայկ Խանումյանը դեռ օրեր առաջ էր հորդորել չայրել տները եւ լուրեր կային, որ ադրբեջանցիների հետ նման պայմանավորվածություններ կան՝ Աղավնոյի տները անվնաս հանձնել թշնամուն։ Մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս թեմայով։
Պարզվում է՝ յուրաքանչյուր տունն այրելուց հետո Ադրբեջանը գրեթե համաշխարհային աղմուկ է բարձրացնում՝ տեսանյութեր եւ հաղորդագրություններ հղում տարբեր միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ բնապահպանական, որ հայերը միտումնավոր այրում, ոչնչացնում են բնությունը, բնակավայրերը, որ դա վնասում է աշխարհի էկոլոգիային եւ դեմ է այս, այս կոնվենցիաներին։
Բայց միայն արեւմտյան կառույցներին դիմելով չեն բավարարվում, անմիջապես ահազանգում են ռուս խաղաղապահներին եւ սպառնալիքներ ուղարկում, որ եթե կրակը չմարեք, զորքը հենց հիմա մտցնում ենք Աղավնո։
Եւ ռուս խաղաղապահները կամ իրենք են միջոցներ ձեռնարկում, կամ դիմում են Արցախի իշխանություններին՝ խնդրելով դադարեցնել պրոցեսը, միջոցներ ձեռնարկել։ Երեկ Աղավնոյում այրված տան հետ կապված էլ է նման սուր իրավիճակ առաջացել եւ ռուս խաղաղապահների իրարանցումը դրանով է պայմանավորված եղել։
Ստացվել է, որ պատերազմի սպառնալիքը ծանր է տանում ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ ռուս զորամիավորման հրամանատարությունը, որն ամեն ինչ անում է, որ բանը զենքի կիրառման չհասնի։
Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը երեկ «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց այդ լուրը, որ հրդեհը արագ հանգցրել են: «Այո, հավանաբար հրշեջներն են հանգցրել կրակը», – նշեց նա: Մեր այն հարցին, թե ո՞վ է դիմել հրշեջ ծառայություն, գյուղապետը չգիտեր՝ հավանաբար այրողը: Սակայն բացառված է, որ իր իսկ ձեռքով առանձնատունն այրող մարդը դիմեր հրշեջ ծառայությանը։
Արցախի իշխանությունների ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում այս թեմայով մի քիչ բացեց փակագծերը․
«Ադրբեջանցիները հայերի տներում չեն ապրելու, իրենց վերահսկողության տակ անցնելուց հետո քանդելու են այդ տները։ Բայց այս պահվածքը 30 տարի առաջվա մեր հաղթանակի ու իրենց ստորացումների պատասխանն է։
Մենք ժամանակին քանդել ենք Աղդամն ու իրենց բնակավայրերը, օգտագործել ենք իրենց հողերը, չենք ապրել, բայց արոտավայր ու ցանքատարածություններ ենք դարձրել, այգիներ ենք գցել, շենքերի ու շինությունների պիտանի մասերն ենք հանել՝ օգտագործել, հիմա իրենք վրեժ են լուծում դրա համար եւ առաջիկայում էլ չեն ապրի, բայց նույնպես կօգտագործեն մեր գյուղերի տարածքները եւ եկամուտ կստանան»։