Ադրբեջանը Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել
Ադրբեջանը Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել
Ադրբեջանը՝ ի դեմս ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, Հայաստանին նոր պահանջ է ներկայացրել։ Այս անգամ հնչեցվել է «անպատժելիությանը վերջ դնելու» եւ «կուրսը փոխելու» պահանջ։
«Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ կարգավորմանը՝ երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։
Հայաստանը, ընդհակառակը, նախընտրեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը՝ խոչընդոտելով կարգավորմանը։
Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել, ապա նա պետք է փոխի իր կուրսը»,-ասել է Բայրամովը Խոջալուի իրադարձությունների հերթական տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։
Հիշեցնենք, որ Խոջալուի (այժմ՝ Իվանյան) իրադարձությունները տեղի են ունեցել 1992թ. փետրվարին:
Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը նախապես տեղեկացրել էին ադրբեջանական կողմին գյուղի շրջանում կրակակետերի ճնշման գործողության մասին եւ գյուղի բնակիչներին միջանցք են տրամադրել:
Արդեն հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքից դուրս հաշվեհարդար է տեղի ունեցել գյուղը լքած ադրբեջանցի գյուղացիների նկատմամբ։
1992-ի մարտին Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը խոստովանեց, որ «միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը, այնուամենայնիվ, թողել էին», եւ տեղի ունեցած ողբերգության մեջ մեղադրեց «ժողովրդական ճակատին»։ Սակայն Ադրբեջանում չեն դադարում այդ թեմայի շահարկումներն ու մեղադրանքները։
«Մենք հավատում ենք, որ մեր ջանքերը կօգնեն վերջ դնել Խոջալուի հանցագործությունների եւ Ադրբեջանի դեմ ագրեսիայի ընթացքում կատարված այլ ոճրագործությունների անպատժելիությանը։
Մենք արդարության կոչ ենք անում, ոչ թե վրեժխնդրության։
Կայուն խաղաղությունն անհնար է առանց արդարության: Պատասխանատվությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության եւ հաշտեցման ճանապարհի անհրաժեշտ տարրն է։
Խոջալուն մեր ազգային վիշտն է։ Մենք երբեք չենք մոռանա Խոջալուի զոհերի մասին, եւ Խոջալուն ապացույցն է այն բանի, որ ոչինչ չի կարող կոտրել ադրբեջանական ժողովրդի ոգին»,-ասել է Բայրամովը։