ԱշխարհՄամուլ

Ադրբեջանը կտրականապես մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադե

Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ վարչապետի գրասենյակի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը, Ադրբեջանի նկատմամբ միանգամայն անհիմն հավակնությունների հետ մեկտեղ, խեղաթյուրում է սահմանային շրջաններում տեղի ունեցող իրողություններն ու գնդակոծության փաստերը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով այսօր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկը։

«Բարի կամք դրսևորելու և նման սադրանքներից հրաժարվելու փոխարեն, հայկական կողմն առաջարկում է բարդ և գրեթե անիրագործելի նախաձեռնություններ, որոնք ոչ մի հիմք չունեն, ինչպես դա եղավ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շուրջ 30-ամյա օկուպացիայի ժամանակ։

Դա հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված առաջարկները՝ օկուպացիան դադարեցնելու կոչերի փոխարեն։ Եթե Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտարարում է վարչապետի գրասենյակը, իսկապես հավատարիմ է խաղաղության օրակարգին, տեղին կլիներ բացատրություն տալ, թե ինչպես է զանգվածային ռազմականացումը, այդ թվում՝ հարվածային սպառազինության տեղակայումը սահմանամերձ շրջաններում, ծառայում այդ օրակարգին։

Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմաններից մեկը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար», – ասել է Հաջիզադեն։