Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 19-ամյա Էդվարդ Հովհաննիսյանը Ապարանից էր
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 19-ամյա Էդվարդ Հովհաննիսյանը Ապարանից էր
News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 28–ին, Ադրբեջանի Զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Էդվարդ Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից էր։
19-ամյա Էդվարդը բանակ էր զորակոչվել մեկ տարի երկու ամիս առաջ։
News.am-ի հետ զրույցում Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցի տնօրեն Նվարդ Բարսեղյանն ասաց, որ Էդվարդը ծառայում էր Վայքում, իսկ ադրբեջանական զինուժի՝ սեպտեմբերի 13–ին սկսած հարձակումից հետո, տեղափոխվել էր Ջերմուկ եւ մասնակցել ռազմական գործողություններին։
Էդվարդն ընտանիքի կրտսեր որդին էր, իրենից մեծ մեկ եղբայր ունի։
«Խելացի, դաստիարակված, համեստ ու շատ հարգված տղա էր։ Մեծ ցավ ենք ապրում»,– ասաց Նվարդ Բարսեղյանը։
Էդվարդ Հովհաննիսյանն ընդունվել էր Հայաստանի եվրոպական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարում ֆակուլտետի Ֆինանսներ բաժինը եւ անմիջապես հետո զորակոչվել բանակ։
Էդվարդի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 13:00-ին, Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28–ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 28–ին, ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել էր: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ՝ փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը եւ շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է իրականացրել եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ հասցրել:
«Ընդ որում, ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում:
Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։