«Ադանա» ռեստորանի մոտից, պարտքի դիմաց, բոլորի աչքի առաջ հափշտակել են «Ford» մակնիշի ավտոմեքենա
«Ադանա» ռեստորանի մոտից, պարտքի դիմաց, բոլորի աչքի առաջ հափշտակել են «Ford» մակնիշի ավտոմեքենա
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին է զանգահարել Լուսինե Զ․-ն և հայտնել, որ իր պաշտպանյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Արարատ Խ․-ի պարտքատերը վերջինիս եղբոր «Ford» մակնիշի ավտոմեքենան Մարտունի քաղաքի «Ադանա» ռեստորանի մոտից բոլորի աչքի առաջ հափշտակել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արարատ Խ․-ի եղբայրը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 47-ամյա Արտակ Ա․-ն 2023 թվականի հոկտեմբերից մինչև հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արմեն Հ․-ին պատկանող Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի 26/43 հասցեում գտնվող «Ոսկե Դար» ոսկու սրահից պարտքով վերցրել է 808 հազար դրամի ոսկյա զարդեր և չկարողանալով այն վերադարձնել օգոստոսի 10-ին Մարտունի քաղաքի «Ադանա» հարսանյաց սրահում նշված պարտքի դիմաց Արարատ Հ․-ին է տվել իր կողմից օգտագործվող վերոնշյալ ավտոմեքենայի բանալիներ, որից հետո Արարատ Հ․-ն նշված ավտոմեքենան տեղափոխել է իր տան բակ:
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ․-ն «Արմինե-Արփինե» ՍՊԸ-ի տնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։