Մամուլ

Ադամանդներով լացող արքայադուստր. ռուսական ԶԼՄ-ները՝ Շիրակի մարզում բնակվող աղջկա մասին

Ադամանդներով լացող արքայադուստր. Բյուրեղյա արցունքներով կնոջ մասին շարունակում են գրել, տեսանյութեր տարածել ռուսաստանյան լրատվամիջոցները: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում բնակվող 23-ամյա Սաթենիկ Ղազարյանի մասին լուրը շատ արագ ու մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում: Արցունքների փոխարեն կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում:

Ի՞նչ երևույթ է սա կամ արդյո՞ք այն ինչ-որ հիվանդության հետևանք է: Ռուսաստանի Դաշնությունից մի քանի բժիշկներ անդրադարձել են այս երևույթին, բայց հստակ ախտորոշում չեն կարողացել տալ:

Արդեն 3 ամիս է, ինչ Սաթենիկի աչքերից ամեն օր` 2-3 ժամը մեկ, օրական մինչև 50 հատ բյուրեղ հիշեցնող «արցունքներ» են հանում: Արդեն մեկ ամիս է, ինչ նրա մասին տեսանյութերով են ողողված Ռուսաստանի հեռուստաընկերությունների եթերները:

Ադամանդներով լացող արքայադուստր

Հայ ակնաբույժները թերահավատ վերաբերմունք ունեն երևույթի նկատմամբ: Անգամ ռուս լրագրողների նկարահանող խումբն է Սաթենիկին ուղեկցել մայրաքաղաքի հայտնի կլինիկաներից մեկը, որտեղ տեսանյութը դիտելուց հետո էլ չէին հավատացել ու խնդիրը ոչ թե իրենցը, այլ հոգեբույժինը համարել: Նաև նշել էին, թե իբր կինը տառապում է Մյունհաուզենի ախտանիշով, այսինքն՝ հոգեկան շեղում, երբ մարդ ինքն իրեն է վնասում:

Սաթենիկի սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, վիրավորված է, ասում է` չեն հասկանում, գոնե չվիրավորեն: Դա իրենց համար ավելի մեծ տանջանք է: Բժիշկներն ասել են, թե իրենք են բյուրեղները Սաթենիկի աչքի մեջ լցնում, որ նա համբավ ձեռք բերի: Բայց նման բան ո՞վ է տեսել: Այն, ինչ կատարվում է 23-ամյա կնոջ օրգանիզմում, մասնագետների համար անբացատրելի է: Անձամբ համոզվելու համար, թե իսկապես նման երևույթն իրական է, ակնաբույժներն իրենք են փորձել հեռացնել 3 խոշոր բյուրեղներ, որոնք թաքնված են եղել նրա կոպի տակ: Սաթենիկն է պատմում, ասում է, բժիշկներն ասացին, արմատից քաշենք պոկենք, հանենք, էլ չի գա: Փոքր միջամտությունից հետո մի 10 օր բյուրեղյա արցունքներ չեն գոյացել, ինչի պատճառով ինքնազգացողությունը վատացել է:

Մինչև հիմա մասնագետները չեն տվել հստակ ախտորոշում: Աչքի կաթիլներ են նշանակել, բայց Սաթենիկը հրաժարվում է, դրանք օգտագործելու դեպքում սուր ցավեր է ունենում: Ռուսաստանցի ակնաբույժները ընտանիքին հայտնել են, որ պատրաստ են օգնել: Բայց խնդիրը միայն ակնաբուժական չէ, ըստ ռուս մասնագետների, Սաթենիկին համալիր հետազոտություն և բուժում է պետք:

Ադամանդներով լացող արքայադուստր

Նրանք չեն բացառել, որ կարող են բյուրեղներ կուտակվել նաև երիկամներում, թոքերում և օրգանիզմի այլ հատվածներում: Հայաստանի բժիշկները մի քանի կոնսիլիում են անցկացրել, բայց որևէ ախտորոշում չեն տվել, նրանց պրակտիկայում աննախադեպ երևույթը դեռ մասնագիտական բացատրություն չունի: Ռուսաստանում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով` Սաթենիկի աչքը լցվող բյուրեղները սովորական, արտադրական ապակու բաղադրություն ունեն:

Սաթենիկով հետաքրքրված է պլաստիկ վիրաբուժության համառուսաստանյան կենտրոնի նախագահ Էռնստ Մուլդաշովը: Պրոֆեսորը ցանկություն է հայտնել օգնել նրան: Մեկ շաբաթ առաջ էլ Մոսկվայից Հայաստան եկած մասնագետն է Սաթենիկի արցունքագեղձից նմուշ վերցվել, նաև բյուրեղներ:

Հետազոտության պատասխանին անհամբեր սպասում է Սաթենիկի ընտանիքը:

Աղբյուր՝ shantnews.am

Կիսվել