Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. ԱՄԷ-ի դեսպանատուն
Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. ԱՄԷ-ի դեսպանատուն: Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել:
Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան փոխանցմամբ՝ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։
2019 թվականի ամռանը Հայաստան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա Ալ-նահյանը, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգը։
Դեսպանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» նաև հայտնեցին, որ նախագահի որդին Հայասատան եկել է բիզնես այցով և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։
Թագաժառանգի՝ Հայաստնում երբևէ չլինելու հանգամանքը հաստատում են նաև Արտաքին գործերի նախարարությունից։