Մամուլ

Աբովյան քաղաքում տեղի ունեցած դանակահարությունը խլեց 44-օրյա պատերազմի մասնակցի կյանքը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանանցման բաժանմունքում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը։

Վերջինը «կրծքավանդակի վերին աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 1-ին, Աբովյան քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց տեղի ունեցած դանակահարության հետևանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտված է, կան ձերբակալվածներ, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացած Լ. Ստեփանյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից է եղել, կռվի թեժ օրերին եղել է առաջնագծի այն վայրերում, որտեղ անգամ 100-200 մետր հեռավորության վրա են եղել հակառակորդի դիրքերը ու իր զինակից ընկերների հետ մինչև վերջին փամփուշտը անառիկ են պահել իրենց վստահված «պոստերը»։

Կիսվեք էջում