ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի աննախադեպ հայտարարությունը
ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանի աննախադեպ հայտարարությունը
1in.am-ը գրում է․ «Դոսյե»-ի հրապարակումը հաղորդում է հանցագործության մասին, և ԱԱԾ-ն քրեաիրավական գնահատական է տալու դրանում եղած տեղեկատվության առնչությամբ: Այդ մասին սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը:
Նրա հայտարարությունը գործնականում հնարավոր է որակել աննախադեպ, այն իմաստով, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը փաստորեն անտարբերության կամ անուշադրության չի մատնում Հայաստանում այլ երկրի ազդեցության գործակալների վերաբերյալ համացանցային հրապարակումը:
Հայտնի է, որ օրերս «Դոսյե» կենտրոնը, որ կապվում է ռուսաստանցի նախկին օլիգարխ, ներկայումս Գերմանիայում ապաստանած Միխայիլ Խոդորկովսկու հետ, հրապարակել էր տեղեկություն Հայաստանում ռուսական ազդեցության մեխանիզմների մասին: Դրանցում նշվում էին մի շարք անուններ, այդ թվում՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ներառյալ անձնագրային պատճենների հրապարակում:
Ասել, թե Հայաստանի վերաբերյալ այդօրինակ տեղեկություններն առաջին անգամ են, կլինի անկասկած սխալ: Սխալ կլինի նաև մտածել, թե ԱԱԾ-ն նախկինում անուշադրության է մատնել այդօրինակ հրապարակումները: Ամբողջ հարցն այն է, որ գործնականում առաջին անգամ ԱԱԾ բարձր մակարդակով նշվում է, որ տրվելու է հրապարակման մեջ եղած տվյալների քրեաիրավական գնահատական:
Ինչպիսին կլինի այդ գնահատականը՝ այլ հարց է, սակայն տվյալ պարագայում արդեն իսկ շոշափելի է ԱԱԾ պետի մակարդակով այդօրինակ իրողության ազդարարումը:
Միևնույն ժամանակ, Արգիշտի Քյարամյանը, թերևս դարձյալ աննախադեպ ձևակերպմամբ, նշել է, որ կառույցում իհարկե կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, աշխատակիցներ, սակայն կան նաև պաշտոնյաներ, որոնք չպետք է լինեն այնտեղ:
Իսկ դրա վերաբերյալ նա խոսել է ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյոք հայկական ԱԱԾ-ում կա՞ն գործակալներ: Քյարամյանը միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի ԱԱԾ-ն լավ հարաբերություն ունի ինչպես ՌԴ, այնպես էլ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ, ինչը բխում է Հայաստանի անվտանգության ապահովման տրամաբանությունից:
Այդպիսով, արդյոք Հայաստանը ձեռնամո՞ւխ է լինում արտաքին ազդեցության գործակալական մեխանիզմների բացահայտմանը, ինչի մասին դեռևս վարչապետության առաջին ամիսներին խոսում էր վարչապետ Փաշինյանը՝ որ պետք է բացառել հայաստանյան քաղաքական դաշտում արտաքին գործակալությունը: Նա չէր տալիս անուններ:
Անուններ հայտնվեցին «Դոսյե»-ում, թեև իհարկե միայն դատարանի վճռով կարող է որևէ այդպիսի հրապարակում ընդունվել իբրև հաստատված ճշմարտություն: Առավել ևս, որ անունների առումով «Դոսյե»-ն թերևս պարունակում էր մեխանիզմների և ցանցերի շատ փոքր մասը: