ՏեսանյութՄամուլ

ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած տղայի հորը կանչել են հարցաքննության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ArmLur.am-ը գրում է․ ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած ու կալանավորված Րաֆֆի Մանդալյանի հորը կանչել են ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ու հարցաքննել: Նշենք, որ կալանավորված երիտասարդի մայրը մահացած է:

ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։ ArmLur.am-ի՝ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները միջադեպի վերաբերյալ նոր, բացառիկ մանրամասներ էին հայտնել բացահայտելով երիտասարդի գործողության շարժառիթները։

Մասնավորապես, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, դյուրավառ շիշը նետած քաղաքացի Րաֆֆի Մանդալյանը իրավապահներին ցուցմունք էր տվել, բացատրել, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նա նշել էր, որ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, և, իր համոզմամբ, հասարակության մեջ առկա է անտարբերություն և լռություն այդ հարցի շուրջ։ Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։

Նրա նպատակն էր եղել կոտրել, իր ձևակերպմամբ, հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հարցի վրա, որ քաղաքացիների մի հատվածը մտահոգված է երկրի ապագայով։ 5 Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով գնացել է Ազգային անվտանգության ծառայության շենք ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով խուսափել մարդկային վնասներից և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։ Իր բացատրությամբ՝ այդ քայլը կատարել է՝ «ինքնազոհության գնալով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը. Բոլորը չէ որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ։

Հատկանշական է նաև, որ շշերը նետելուց հետո Րաֆֆի Մանդալյանը չի փորձել փախչել դեպքի վայրից։ Նա կանգնել է փողոցում և սպասել իրավապահներին։ ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվեք ձեր էջում