Մամուլ

ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ՍՊԸ-ն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է  քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600.000 ՀՀ դրամի արժեքի չափով):

Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17.500.000 դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ,  ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել  2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել