Оկուպցված Արցախում բռնկված հրդեհների տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։
«Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։ Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ։
Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով փաստացի վերահսկողություն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն պարտավոր է՝
իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը,
ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։
Լուսանկարում ներկայացված է հրդեհների տարածման քարտեզը՝ ըստ NASA LANCE/FIRMS համակարգի տվյալների։
Միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները՝ իրենց մանդատի շրջանակում պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ուղղությամբ»,- նշում են նախարարությունից։

