Օդ են կրակել, լուսարձակող փամփուշտներ օգտագործել. մանրամասներ Կարմիր շուկայի կրակահերթից

Օդ են կրակել, լուսարձակող փամփուշտներ օգտագործել. մանրամասներ Կարմիր շուկայի կրակահերթից

Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական ակտիվությունն ուղղակի սպառնալիք է բնակիչների հոգեբանական անձեռնմխելիության և բնականոն կյանքի կազմակերպման տեսանկյունից։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։

«Երեկ, ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տևողությամբ կրակահերթ է եղել։ Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաև լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որևէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- նշեց Ստեփանյանը։

Նշենք, որ թշնամու հենակետերը Կարմիր շուկայից մոտ 1 կմ հեռավորության վրա են գտնվում։ Ստեփանյանն ասում էհատկապես վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացումը նաև ակտիվ գյուղատնտեսական աշխատանքները խաթարելու նպատակ ունեն։ Եթե անգամ օդ են կրակում միևնույնն է` մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է։

«Մենք անընդհատ պնդում ենք, որ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից այդ հենակետերը պետք է հեռացվեն, որովհետև միայն իրենց ներկայությունն այնտեղ արդեն իսկ սպառնալիք է։ Այս պահին աշնանացան աշխատանքների ժամանակաշրջան է, իսկ բնակիչներն իրենց գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ իրականացնելու համար սպառնալիք են զգում»,- պարզաբանեց Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով` խնդրի լուծման միակ տարբերակը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, հայկական բնակավայրերին մոտ գտնվող ադրբեջանական հենակետերը հետ քաշելն է։ Հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը նաև ռուս խաղաղապահներին են հայտնել, բայց մինչև այժմ խնդիրը մնում է առկախված։