Քրեական ոստիկանությունը Երևանում իրականացրել է հատուկ օպերացիա. ձերբակալվել է պետական պաշտոնյա

Քրեական ոստիկանությունը Երևանում իրականացրել է հատուկ օպերացիա. ձերբակալվել է պետական պաշտոնյա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, Երևան քաղաքի Թումանյան 8 հասցեի մոտ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 52-ամյա մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է Hyundai մակնիշի ավտոմեքենայով և անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 1 գրամ «B8» գրառմամբ սուբուտեքս տեսակի թմրանյութի նմանվող 2 դեղահաբ, 2 հատ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված մոտ 0,66 գրամ սպիտակ մանրացված և մոտ 0,37 գրամ սպիտակ կոշտ «ամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմավող զանգված:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 52-ամյա տղամարդը պետական պաշտոնյա է և աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 268 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Որպես կասկածյալ պաշտոնյան ձերբակալվել է, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: