Քրեական հեղինակությունները պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել. Ոստիկանները կանխել են բախումը (Տեսանյութ)

Քրեական հեղինակությունները պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել. Ոստիկանները կանխել են բախումը (Տեսանյութ)

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ծավալուն օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություններ էին ստացել, որ, այսպես ասած՝ քրեական հեղինակություն համարվող մի քանի անձ նոյեմբերի 16-ին պատրաստվում են պարզաբանումների համար հանդիպել։

Հավաստի տվյալներ կային նաև, որ նրանք ապօրինի զենք-զինամթերք ունեն, և հնարավոր է, որ պարզաբանումներն ավարտվեին բախումով, ինչը կանխվեց։

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ նոյեմբերի 16-ին, ժամը 18,15-ի սահմաններում, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզներն ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողները մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երեք տղամարդու՝ 35, 37 և 39 տարեկան, երեքն էլ Երևանի բնակիչ։ Խուզարկությամբ նրանցից մեկի մոտից հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ 6 փամփուշտով։

37-ամյա տղամարդը, ում մոտից հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերքը, ձերբակալվել է։ «Տոյոտան» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութը ստորև