ՔՊ-ական գյուղապետը զոհերի հիշատակին բյուջեից 1,7 միլիոնանոց խաչքար է պատվիրել, բայց իր անունն է փորագրել վրան

ՔՊ-ական գյուղապետը զոհերի հիշատակին բյուջեից 1,7 միլիոնանոց խաչքար է պատվիրել, բայց իր անունն է փորագրել վրան

Yerevan.Today-ը գրում է․ Մասիսի համայնքային փնջի ՔՊ-ական գյուղապետերից մեկը 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի համար բյուջեից շուրջ 1,7 միլիոն փող է դուրս գրել, իսկ հետո խաչքարին իր անունն է փորագրել՝ համոզելու բնակիչներին, թե իբր գյուղի կենտրոնում իր անունից է հիշատակի խաչքար կանգնեցրել։

Խոսքը երևանամերձ Գեղանիստի վարչական շրջանի նախկին ղեկավար Վաչիկ Ադիլխանյանի մասին է, նա համայնքի միջոցներով, բայց իր անունից փորագրված խաչքարը հանդիսավորությամբ տեղադրել էր գյուղամեջի պուրակում, ընդ որում՝ Մասիսում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, իսկ ինքն այդ ընտրություններին առաջադրված էր ՔՊ ցուցակով և մրցում էր Դավիթ Համբարձումյան դաշինքի հետ։ Ընտրություններին պարտվեց ՔՊ-ն, հետևաբար պաշտոնանկ արվեց նաև ինքը։

Երևանամերձ Գեղանիստի բնակիչները նոր են պարզել «խաչագող գյուղապետի» խարդախության հանգամանքները, վրդովված են ու մտադիր են առաջիկա օրերին մեծ աղմուկ բարձրացնել՝ իրենց խոսքով՝ ՔՊ-ական գյուղապետին խայտառակելու համար։

Yerevan.Today-ին հայտնեցին իրենց պլանների մասին․ «գյուղի կենտրոնում մեծ ակցիա ենք անելու, հրավիրելու ենք լրատվամիջոցներին և ուղիղ եթերում շրջայց ենք անելու գյուղապետ Ադիլխանյանի «կալվածքների տարածքում», փաստաթղթերով ջրի երես պիտի հանենք, թե ինչպես է Ադիլխանյանը Երևանի եզրին մեր վարչական թանկ տարածքները կոպեկներով իրենը դարձրել՝ մեր հաշվին իրեն տուն, մեծ բենզալցակայան ու ահռելի սուպերմարկետ կառուցել, իսկ պուրակի հաշվին եղբորորդուն եռահարկ շենք կառուցել։

Առանձնակի ուշադրության է արժանի Գեղանիստի գյուղապետարանի գեղեցիկ շենքը վթարային շինության անվան տակ օտարելու և յուրացնելու հանգամանքը։

Գյուղացիները համոզված են՝ Գլխավոր դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աչք են փակել ՔՊ-ական գյուղապետի ապօրինի հարստացման ու զանցանքների վրա՝ քաղաքական դրդապատճառներով։

Ասում են՝ այսօր Ադիլխանյանը ձիու վրա չէ, դրդելու ենք իրավապահներին աշխատեն, որ պարզեն 23 տարի պաշտոնավարած ու ՔՊ դարձած Վաչիկ Ադիլխանյանի ընտանիքի սեփականությունը դարձած բոլոր շենք-շինությունների, հողերի փաստաթղթավորումները։

Ի դեպ՝ իրավական հետևանքը երկու հոդվածով գյուղապետին առաջադրվող մեղադրանք կարող է լինել՝ չարաշահում կամ պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ՝ յուրացում կամ վատնում անձնական շահադիտական նպատակով։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում