Քոչարյանը կարող է ազդել բոլոր վկաների վրա․ Սեդա Սաֆարյանը միջնորդեց կալանավորել Քոչարյանին

«Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը այսօր դատարանում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը հայտարարեց, որ Քոչարյանին պետք է կրկին կալանավորել։

«Ունենալով լայն հնարավորություններ՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ազատության մեջ, և արդյո՞ք դատարանի այդ որոշումը չի վտանգում գործով ձեռք բերված ապացույցների ճակատագիրը։ Կարծում եմ՝ այդ որոշմամբ՝ դատարանը հենց այդպիսի նպատակ է ունեցել։ Սա միևնույն ժամանակ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու և Վերաքննիչ քրեական դատարան ուղարկելու շղթայական գործընթացի դրսևորմանը։

Ընդ որում, հանրահայտ փաստ է, որ Սահմանադրական դատարանի դատավորների գերակշիռ մասը նշանակվել են Քոչարյանի կողմից և ակնհայտորեն ծառայում են նրա շահերի պաշտպանությանը։

Նրա խափանման միջոցը փոխելով՝ դատարանը չի դրսևորել սուբյեկտիվ դրսևորումների արտահայտումը, այլ հնարավորություն է տվել, որպեսզի Քոչարյանն անձմաբ զբաղվի այս հարցերով։ Ռ. Քոչարյանի դրսևորած վարքագիծը չէր կարող դուրս մնալ դատավորի ուշադրությունից»,- դիմելով դատավորին՝ նշեց Սեդա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ գործով բոլոր նյութերը ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է իրավական, գործադիր և բոլոր ուժային կառույցների աշխատակիցներին իր համար ցանկալի եղանակով օգտագործել և վերահսկել։