Քանի ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց

Քանի ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց

Այսօրվա «Դիմադրություն» շարժման և ՀՀ ոստիկանների հետ բախման արդյունքում տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև ոստիկանության երկու աշխատող»,- այս մասին տեղեկացնում են ՀՀ  ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Նշենք, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանների եւ «Անհնազանդության» շարժման մասնակիցների միջև հրմշտոցի հետևանքով մի քանի քաղաքացի ևս տուժել է. ցուցարարներից մեկը ոտքի շրջանում վնասվածք ստացավ: Նա նստել էր խոտերի մեջ, իսկ քաղաքացիներն ու ոստիկաններից մեկը փորձում էին օգնություն ցուցաբերել:

Բացի այդ, երիտասարդ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ այդ պահին, նրան ոստիկանները գրկած դուրս բերեցին հրմշտոցի հատվածից:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք:

Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք:

Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին, վերջիններս կարողացան դիմադրել եւ թույլ չտվեցին ցուցարարները մուտք գործեն շենք: Ուժեղ հրմշտոց սկսեց: